ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ճանապարհ առանց տունդարձի

Ճանապարհ առանց տունդարձի
03.05.2023 | 20:59

1915 թվականի հունիսի 2, գիշեր: Զոհրապը Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ էր. թղթախաղ էին խաղում:

Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Այդ ժամանակ ոտքի կանգնեց նաև Թալեաթ փաշան, մոտեցավ Զոհրապին ու համբուրեց այտը.

Հետո պիտի պարզ դառնար, որ դա «Հուդայի համբույր» էր, քանի որ երկու օր առաջ արդեն Թալեաթը ստորագրել էր Գրիգոր Զոհրապին և մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն խուժեցին և ձերբակալեցին նրան։ Բռնի տեղահանելով՝ մոտ մեկ ամիս տարան աքսորի ճանապարհով, որը ճամփա էր` առանց տունդարձի:

(Առանձնահատուկ դաժանությամբ սպանվեց այդ ճանապարհին Զոհրապը: Նրա Մեծ ուղեղը քարերով պետք է ջարդեին, որ վրեժխնդիր լինեին. շատերի կոկորդին էին կանգնել նրա հայանպաստ ելույթները):

Զոհրապը 3 անգամ ընտրվել էր թուրքական պառլամենտի պատգամավոր, ով պաշտպանում էր հայերին , անվանի իրավաբան-փաստաբան էր, ով, ըստ ժամանակակիցների վկայության, երբեք տանուլ չէր տվել ոչ մի դատ:

Կնոջը` Կլարային, ուղարկած վերջին նամակում (սպանությունից 4 օր առաջ ) Զոհրապը գրում է.

«Ինձ դատելու համար Ստամբուլից Դիարբեքիր ուղարկողները ոչնչացնելու համար են ուղարկում: Դիարբեքիրում սարսափելի բաներ են կատարվում: Աստված գիտի, չնայած անմեղ եմ, բայց այնտեղից ողջ դուրս չեմ գա:

Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք:

Բոլորիդ համբուրում եմ.»

Գ. Զոհրապ

Զոհրապները չորս զավակ ունեցան. 1889 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ ընտանեկան այն ջերմությունը, որը կար Գրիգորի և Կլարայի ստեղծած ընտանիքում։ Զոհրապի չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ:

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6089

Մեկնաբանություններ